ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան։ 


Դեսպանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Նարեկ Մկրտչյանը կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։


Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։


Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։