Արդեն հայտնել ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը որոշել է քաղաքական աշնան վերջին ամիսը հանդիսավոր կերպով «փակել» քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագիծ շրջանառելով՝ ցույց տալով իր ընտրողներին, թե ձեռքերը ծալած-նստած չի, թեմա է գտել՝ «բզբզում է»։ Հիշյալ նախագծի հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկաներին համոզում էր, թե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, որոնց թվում՝ երեք բարձրաստիճան հոգևորական, այս հանգամանքը փորձելով մատուցել որպես մի աննախադեպ ու ամոթալի իրողություն։ Նա ընդհուպ միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղբանտարկյալների վերաբերյալ ժամանակին արտաբերած խոսքի ձայնագրությունից մի հատված, որում Փաշինյանը նշում է, թե բոլոր ժամանակներում, այդ թվում՝ ԽՍՀՄ տարիներին եղած քաղբանտարկյալներին դատել են Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներով, քանի որ գոյություն չունի «քաղաքական բանտարկյալների դատավարության օրենսգիրք կամ՝ քաղաքական հանցագործությունների օրենսգիրք գոյություն չունի»։ Ուշագրավ է, որ տիկին Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, թե ՀՀ-ում «տարբեր իշխանությունների ժամանակ եղել են քաղբանտարկյալներ՝ դա անհերքելի է»։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, ի պատասխան ճշգրտման՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի օրոք է՞լ են եղել քաղբանտարկյալներ, այդպես էլ հստակ պատասխան չի տվել՝ հորդորելով վերհիշել նախորդիվ արած իր հայտարարությունները և՛ մինչև 2018-ը, և՛ դրանից հետո։ Է. Վարդանյանի խոստովանությունը, թե՝ և իր քաղաքական պատրոնի, և թե նրա իրավահաջորդի օրոք ՀՀ-ում եղել են քաղբանտարկյալներ, գովեստի արժանի խիզախություն է, բայց միաժամանակ տարակուսելի՝ այսօրվա նրա կարգավիճակի տեսանկյունից գնահատելով։ Փաստորեն, տիկին պատգամավորը անհերքելի է համարում մի բան, որը ժամանակին տարբեր առիթներով հերքել է նրա քաղաքական փաստացի ղեկավարը՝ Ռոբեր Քոչարյանը, միջնորդավորված կամ անձամբ։
Նշենք, որ 2011-ին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում Ռոբերտ
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անդրադառնալով կիրառված համաներմանը, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին նաև «Մարտի 1-ի» գործով դատապարտված քաղբանտարկյալները,
նկատել էր. «1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ
փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման
են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո»: Հետաքրքիր է՝ տիկին Վարդանյանն այսօր ինչպես
կարձագանքի իր պատրոնի նախկին մամլո խոսնակի այս պնդմանը։ Պնդում, որով դրա հեղինակը,
փաստորեն, միաժամանակ խոստովանում է, որ Քոչարյանի պաշտոնավարումից հետո եղել են քաղբանտարկյալներ։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի կառավարման
օրոք քրեական գործ էր հարուցվել «Արդարություն» դաշինքի գործիչների դեմ, 2003-2004
թվականների հանրահավաքներին մասնակցելու համար վարչական կալանք էր կիրառվել հարյուրավոր
մարդկանց նկատմամբ, որոնց հայցերի պատճառով Հայաստանը հետո պարտվեց ՄԻԵԴ-ում։ Իսկ մասնավորապես «Մարտի 1»-ի գործով դատապարտված
ու համաներմամբ ազատ արձակվածների նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր հենց իր՝
Քոչարյանի նախագահության օրոք։
Քաղբանտարկյալների թեմային Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև 2020 թվականի սեպտեմբերին, РБК հեռուստաընկերությանը տված
հարցազրույցում։ Երբ լրագրողը հարցրել էր Հայաստանում
2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության և Բելառուսում ընտրություններից հետ սկսված բողոքի ակցիաների նմանության
մասին, ի պատասխան Քոչարյանն ասել էր՝ տարբերություններն աննշան են, արևմտյան երկրների
վերաբերմունքը Բելառուսի հանդեպ տարբեր է Հայաստանի
նկատմամբ ունեցած վերաբերմունքից: «Հայաստանի իշխանությունն օբյեկտիվորեն եղել է
ավելի հանդուրժողական տարակարծության հանդեպ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը և նախագահը
(Սերժ Սարգսյանը-խմբ.) բավականին ակտիվորեն համագործակցել էին արևմտյան երկրների հետ:
Մենք չենք ունեցել քաղաքական բանտարկյալներ, չենք ունեցել լրագրողներին ծեծի ենթարկելու
դեպքեր, չեն եղել մարդկանց առեղծվածային անհետացումներ…»,- ասել էր Քոչարյանը։
Նկատենք, որ
ՀՀ-ում Քոչարյանի օրոք քաղբանտարկյալներ լինելու փաստը 2017-ին փորձել էր հերքել Էլինար
Վարդանյանի նախկին կուսղեկ, «Համախմբում»-ի առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա հայտարարել
էր, թե չի հիշում, երբ ինքը արտաքին գործերի նախարար էր, Հայաստանում քաղբանտարկյալներ
կայի՞ն, թե՞ ոչ։ «Եթե անուններ հիշեցնեք, գուցե ասեմ՝ քաղբանտարկյա՞լ էին, թե՞ ոչ»,-
ասել էր Օսկանյանը՝ հավելելով. «Իմ ժամանակ եթե քաղբանտարկյալ կար՝ դատապարտելի է։
Չեմ հիշում։ Բայց եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»։
Ի դեպ, Վարդանյանի
մեկ այլ գործընկեր՝ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական անդամ Արմեն Ռուստամյանը
Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ին, անդրադառնալով քաղբանտարկյալների մասին հարցին, մի
ուշագրավ միտք էր հայտնել՝ որևէ կուսակցության կամ քաղաքական գործչի խնդիրը չէ
գնահատական տալ՝ երկրում կան քաղբանտարկյալներ, թե ոչ։ Գնահատական պետք է տրվի
Եվրոպայի խորհրդի չափանիշների հիման վրա, տվողներն էլ պետք է լինեն մասնագետները,
«դա չպետք է լինի քաղաքական գնահատական՝ ով երբ ուզենա, իր քաղաքական
նախասիրություններից ելնելով, ասի՝ ով է քաղաքական բանտարկյալ, ով՝ ոչ»։
Ի դեպ, Էլինար Վարդանյանին մի հարց՝ քաղբանտարկյա՞լ են, արդյոք, Նաիրի Հունանյանն ու նրա բանդայի մյուս անդամները։ Կամ, ասենք, ՊՊԾ գունդը գրաված և ոստիկանների մահվան պատճառ դարձած «Սասնա ծռեր» խմբի անդամները։ Նրանց կատարած հանցանքներին իրավական գնահատական է տրվել Քրեական օրենսգրքով, մինչդեռ այս մարդկանց արարքի մոտիվները, ինչպես ժամանակին մի շարք իրավապաշտպաններ էին հիմնավորում, եղել են քաղաքական։ Եթե նրանք քաղբանտարկյալներ չեն, այլ քրեական հանցագործներ, ապա նույն տրամաբանությամբ այդպիսի ենթադրյալ հանցագործներ են նաև բարձրաստիճան հոգևորական Վազգեն Գալստանյանն ու նրա հետ գործակցած մյուս անձինք։ Նրանցից ի՞նչ քաղբանտարկյալ։
Պարզապես Հունանյանին ու ծռերականներին
հաջողվեց գլուխ բերել իրենց պլանավորած հանցանքը, իսկ Գալստանյանի և մյուսների
դեպքում իրավապահները կանխեցին հրեշավոր արարքի իրագործումը։
Հ․ Մ․