Civic.am-ը ժամանակ առաջ անդրադարձել էր Կառավարության 2006 թվականի որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցված՝ Էջմիածնի քաղաքային զբոսայգու անբարեկարգ վիճակին։ Մայր աթոռի լրատվական օրգանն էլ իր պատասխան ռեպորտաժում փորձել էր արդարանալ, թե ինչու է զբոսայգու բարեկարգումն ուշանում՝ մեղքը բարդելով բարերար չլինելու վրա, պայմանավորված նաև «մեծ մասամբ տարբեր ժամանակներում իրականացվող կառուցապատումների, հիմնանորոգման շինարարական աշխատանքներով»։ «Բարեկարգ միջավայր ստեղծելը մեկ օրվա աշխատանք չէ»,- հիշյալ ռեպորտաժում ազդարարել էր Մայր Աթոռ Ս․Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ռեպորտաժն էլ ավարտվում էր խոստմամբ, թե՝ Մայր Աթոռին կից ճարտարապետական խորհրդի կողմից արդեն հաստատվել է այգու բարենորոգման նախագիծը, բայց․․․ բարերար դեռևս չի գտնվել։ «Մասնագետները խոստանում են՝ քաղաքի բնակիչների և ուխտավորների համար կստեղծվի ժամանակակից, բոլոր պահանջներին համահունչ խնամված կանաչապատ գոտի»,-էջմիածինցիներին հավատացրել էր Մայր աթոռի տեղեկատվական օրգանը։
Օրերս Civic.am-ի նկարահանող խումբը կրկին
հիշյալ զբոսայգի էր այցելել ու ականատեսը եղել նույն անմխիթար վիճակին։ Մեզ, սակայն,
առավելապես ցնցեց զբոսայգում կանգնեցված Վազգեն Ա Վեհափառի հուշարձանի անխնամ վիճակը՝
ամբողջությամբ փոշու, կեղտի, թռչնաղբի մեջ, պատվանդանը՝ պատված չոր տերևներով։ Մեր
տեսախցիկը արձանագրեց, որ հուշարձանի անմիջապես
հարևանությամբ հավաքվել էր մարդկանց՝ ակնհայտորեն ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ
ու «ցերեկույթ» կազմակերպել։
Համաձայն ենք Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի
տնօրենի պնդման հետ՝ բարեկարգ միջավայր ստեղծելը մեկ օրվա աշխատանք չէ, բայց Վեհափառի
հուշարձանը ժամանակ առ ժամանակ մաքրելն ու բարեկարգ պահելը հաստատ մեկ օրվա կամ մի
քանի ժամվա գործ է։ Ցանկություն ունենալու, դա կազմակերպելու դեպքում, իհարկե։ Հուշարձանի անմխիթար վիճակը վերաբերմունք
է համայն հայ ժողովրդի սիրույն ու հարգանքին արժանացած Ծայրագույն պատրիարքի, ՀՀ ազգային
հերոսի հիշատակի հանդեպ։
Նշենք, որ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն
Հայոց Կաթողիկոսի հուշարձանի բացումը մեծ շուքով տեղի ունեցավ 2010 թվականի նոյեմբերի
11-ին՝ հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական
համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ։
Քանդակագործն
է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը:
Վազգեն
Ա-ն (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ.-ի հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում:
Եղել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսն ու Ծայրագույն Պատրիարքը։ Վախճանվել է
1994թ.-ի օգոստոսի 18-ին: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշեն-վերականգնողական
ահռելի աշխատանք:
Հ. Մ.