Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ թեմաներ են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Հաղորդագրության համաձայն,՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական թեմաները՝ շեշտադրելով առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնումը և էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը։


«Կայացել է կարծիքների փոխանակում Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ամերիկյան առաջարկների համատեքստում խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ առաջարկները այն տարբերակով, որով մենք ծանոթացել ենք, համապատասխանում են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի քննարկումներին և կարող են դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում։ Կրկին հաստատվել է Ռուսաստանի կողմի հետաքրքրվածությունը՝ Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծման հարցում։


Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր պատրաստակամությունը ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին և շարունակելու Ստամբուլի հարթակը տրամադրել այդ նպատակով։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ռուս-թուրքական շփումները ուկրաինական հարցի շուրջ տարբեր մակարդակներում։


Թուրքիայի նախագահը նաև ներկայացրել է իր տպավորությունները՝ Յոհաննեսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի և մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքների մասին։


Նախագահները պայմանավորվել են պահպանել կանոնավոր շփումները», — հայտնել են Կրեմլից։