Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։


«Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։


Երկուստեք ընդգծել ենք Հայաստան – Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։


Քննարկել ենք ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։


Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։


Քննարկել ենք նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Խուդաթյանը: