ՏԿԵ նախարարը առաջարկել է հայ և վրացի համայնքապետների շփումների հարթակ ստեղծել

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ։


Նախարար Գուլեդանիի հետ քննարկվել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին, լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր։


Քանի որ Վրաստանը նույնպես գնում է լիազորությունների ապակենտրոնացման ճանապարհով, զրույցի ընթացքում առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս գործընթացի ժամանակ։


Գուլեդանին հատկապես հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ։


Քննարկվել են համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման վերաբերյալ հարցեր։


Նախարար Խուդաթյանը վրացի գործընկերոջն առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել, ինչը կդյուրինացնի ձևավորված երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։