Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ։ Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։
Պավլովի խոսքով՝ գործընթացը նոր է, սակայն առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն իրականացվել է։ Նա նշել է, որ արդյունքները ցույց են տվել՝ երթուղին բեռնափոխադրողների և հաճախորդների համար ամենաարդյունավետ տարբերակներից է։ Այժմ կողմերը աշխատում են որոշելու, թե արտահանման, ներմուծման և տարանցման ձևաչափերով որ տեսակի բեռներ կարող են տեղափոխվել։
«Այս գործընթացը բարդ է և պահանջում է հաստատման որոշակի փուլեր, սակայն արդեն ակտիվ փուլում է»,– ասել է նա։
Պավլովը հավելել է, որ մեկ օր առաջ կողմերի համատեղ քննարկում է կայացել, և մանրամասների վերջնական համաձայնեցումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։