Եվրահանձնաժողովը չնայած Բրյուսելի դիրքորոշմանը մոտ ապագայում իրավական առաջարկներ կներկայացնի Բելգիայում արգելափակված ռուսական ակտիվների օգտագործման և հնարավոր բռնագրավման վերաբերյալ։ Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել Ռուսաստանի ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստը»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Նա ընդգծել է, որ «թույլ չի տա, որ Ուկրաինայի համար վճարեն միայն եվրոպացի հարկատուները»։
Ավելի վաղ ֆոն դեր Լայենը ԵՄ երկրներին նամակ ուղարկել էր՝ Ուկրաինայի հետագա ֆինանսավորման երեք տարբերակներով.
Ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը «ռեպարացիոն վարկի» ձևաչափով։
Անդամ պետությունների կողմից ուղղակի դրամաշնորհներ։
Ընդհանուր վարկ՝ Եվրամիության մակարդակով։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ պատրաստվում է արևմտյան ակտիվների բռնագրավմանն ի պատասխան միջոցների նախագիծը։ Նման մեխանիզմը կգործարկվի, եթե Արևմտյան երկրները ոչ բարեկամական որոշումներ կայացնեն։