Իտալիայում համազգային գործադուլ է անցկացվել, Եվրոպայի 25 երկրում՝ երիտասարդական ցույցեր

Նոյեմբերի 20-ին Իտալիայում տեղի է ունեցել 24-ժամյա համազգային գործադուլ, որին մասնակցել են պետական և մասնավոր հատվածների աշխատակիցներ։ Ակցիան կազմակերպել է երկրի խոշորագույն արհմիությունը։ Ցույցեր են անցկացվել ավելի քան 100 բնակավայրում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում և Նեապոլում։


Գործադուլի մասնակիցները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը, զսպել գնաճը, ավելացնել առողջապահության և կրթության ֆինանսավորումը, ինչպես նաև կրճատել ռազմական ծախսերը։ Ակցիաների պատճառով խափանումներ են եղել հասարակական տրանսպորտի, դպրոցների և պետական հաստատությունների աշխատանքում։


Միաժամանակ Եվրոպայի 25 երկրում երիտասարդական ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ կյանքի թանկացման, ռազմական ծախսերի աճի և սոցիալական ոլորտի ֆինանսավորման կրճատման։ Գերմանիայում ցուցարարները դեմ են արտահայտվել պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերադարձին, իսկ Իսպանիայում և Ֆրանսիայում պահանջել են ավելի մեծ ֆինանսավորում կրթության և սոցիալական ոլորտի համար։


Կազմակերպիչների փոխանցմամբ՝ երիտասարդական ակցիաները կշարունակվեն նաև նոյեմբերի 21-ին և 22-ին։