Տիգրան Ավինյանը՝ վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների մասին

Սիրելի երևանցիներ, վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ կան։ 


Պետք է հստակ արձանագրել, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևան քաղաքին, այլ նաև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։ 


Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։ 


Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը։ 


Դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումը օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։ 


Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։


Մենք հետագայում կտեղեկացնենք նաև,  թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ խնդրի մեղմման ուղղությամբ։