«Ֆաս». այս հրամանն է իջեցվել նախկին երկու՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերին այն բանից հետո, երբ նախկին ՄԻՊ, իր «Միասնության թևեր»-ով քաղաքական դաշտ խուժած Արման Թաթոյանը որոշեց ասուլիս հրավիրել ու ադեկվատ, խելքը գլխին միտք արտաբերել (հատուկ շեշտենք՝ մասամբ ադեկվատ ու խելքը գլխին)։ Այն է՝ եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել 2026-ի ԱԺ ընտրությունների ընտրապայքարին, ապա իր մոտ հարց է առաջանում՝ նրանք իսկապե՞ս ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, «թե՞ այստեղ այլ նպատակներ ու հարցեր կան»։ «Նախկին նախագահների չմասնակցության պարագայում տեսեք մենք՝ ես, մեր թիմը ու մենք, միավորված ինչպես ենք Փաշինյանին հեռացնում»,- պոռոտախոսել է նախկին ՄԻՊ-ը։
Ի դեպ, վերջինս դեռ չէր հասցրել
ասուլիսի տաղավարից դուրս գալ, երբ նախկին նախագահների թիմերի ամենատարբեր ռանգի ներկայացուցիչներ
նրան սկսեցին «քացու տակ» առնել։ Վերբալ մակարդակում, իհարկե։ Ուշագրավ է, որ «Թաթոյան,
shut up» օպերացիան տեղի էր ունենում ԱԺ-ում քաղբանտարկյալների թեմայով հրավիրված լսումների
ֆոնին։ Թաթոյանը, այո, ոչ մի տվյալ չունի քաղբանտարկյալ «տիտղոսին» արժանանալու համար,
սակայն բոլոր տվյալներն ունի շաբաթվա «քաղհալածյալ»-ի անվանակարգում նոմինացվելու համար։
Ինչևէ։
Նախկին ՄԻՊ-ի նկատմամբ այս հարձակումը,
նկատենք, վեր հանեց այն նյարդային ու ագրեսիվ պայքարը, որը մղում են նախկին ռեժիմի
«սիամական երկվորյակները»։ Ինչպես 2021-ին, այնպես էլ 2026-ի ընտրությունների
արդյունքում ձևավորվելիք խորհրդարանում նրանք
ակնկալում են ունենալ առնվազն նույն կոնֆիգուրացիայով ու քվոտայով ներկայություն։ Ու,
փաստորեն, ներքին մրցակցության այս եռուզեռի ընթացքում «կակոյ նիբուդ չկայացած քաղգործիչ»,
«կաբինետային փրկիչ», «կոմֆորմիստ» (այս էպիտետները ընդդիմադիրների մտքի արգասիքներն
են) փորձում է խելք սովորեցնել իրենց, բացատրել, թե որը որից հետո է, առաջ ու․․․ արանքում։ Արդ, ի՞նչ
պետք է անել. իհարկե՝ ոչնչացնել, փչացնել, հոշոտել ոտն ի գլուխ, քանի որ
վերջինս համարձակվել է թեթևակի գռմռալ՝ հավակնելով իրենց «փայ» «ոսկորին»։ Փույթ չէ, որ փչացվողն ու հոշոտվողը իրենց երբեմնի թիմակիցն է, իրենց օրոք աճեցված կադրն
ու մինչև «վերջին ինցիդենտը» քաղաքական նույն դաշտում խաղացող ֆիգուր։ Թաթոյանի հետ
տեղի ունեցածը, ի դեպ, վկայում է, թե ինչի է ընդունակ նախկին ռեժիմը, երբ բանը հասնում
է իշխանությանը։
Ինչ խոսք, Արման Թաթոյանը խելոք
բան է ասում, երբ առաջարկում է նախկին երկու նախագահներին «չհարամել» 2026-ի ընտրությունները՝
ինքզինքը դուրս թողնելով ընտրապայքարից։ Այդ խելոք բանն, ի դեպ, ձևակերպել, գեներացրել
է ՀՀ քաղաքացին՝ ժողովուրդը, անցած 5 տարիներին
ցուցաբերած իր վերաբերմունքով նախկին նախագահների ու նրանց թիմերի հանդեպ։ Այդ վերաբերմունքի
ցցուն վկայությունը այս ընթացքում կազմակերպված՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման
օրակարգով միտինգ-հանրահավաքներին աջակցություն չհայտնելն է մեծաթիվ մասնակցություն
ունենալով։ Վերջին թարմ օրինակը ԱԺ-ում իմպիչմենտի հարցով լսումների կազմակերպումն
էր, որն ուղեկցվեց խորհրդարանի շենքի դիմաց հավաքված հազիվ 1500 հոգու աջակցությամբ։
Հիշենք նաև «սրբազան պայքար» կոչված ու Դիմադրության շարժումները, որոնք անփառունակ
վախճան ունեցան՝ այդպես էլ չհասնելով իրենց գերնպատակին՝ իշխանափոխություն փողոցի ճնշմամբ։
Արդ, Թաթոյանը ճիշտ է անում նախկին նախագահներին վերոհիշյալ հորդորը հղելով, բայց չարաչար սխալվում է՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանին
հեռացնելու պայմանը նախկին նախագահների՝ 2026-ի ընտրապայքարին չմասնակցելն է։ Որքան
էլ քաղաքական ճոխ ամբիցիաները կուրացրած լինեն Թաթոյանին, այսուհանդերձ նախկին
ՄԻՊ-ը ստիպված է տեսնել, որ ՀՀ-ում այսօր թիվ մեկ քաղաքական ֆիգուրը, ադեկվատ, հանրության
կողմից ընկալելի ու հանրության մեծ մասի կողմից աջակցություն ստացող օրակարգ առաջարկողն
ու թելադրողը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Եվ եթե ժողովուրդը ցանկանա հեռացնել կառավարող ուժին, ապա թաթոյանների ու նրան աճեցրածների
«շպառգալկաներով» չի առաջնորդվելու։
ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, որի
կամքին իրենց ամբիցիաները պետք է ենթարկեցնեն բոլոր քաղաքական
ուժերը։ Այդ մեկ սուբյեկտը՝ սկսած 2018-ի ապրիլից, Հայաստանի Հանրապետության ազատ ընտրողն
է։
Հ. Մ.