Անվտանգության երաշխիքները կքննարկվեն «ավելի ուշ»՝ համաձայնագրի կնքումից հետո․ Politico

Politico-ն հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպական ներկայացուցիչներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը պետք է նախորդի խաղաղության համաձայնագրի կնքումը։


Հեռախոսազրույցում Ռուբիոն եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ Կիևին երկարաժամկետ անվտանգության երաշխիքների հարցը նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի ավելի ուշ։ Այս պայմանը «անցյալ շաբաթ Կիևին ուղղված ամերիկյան առաջարկների հիմնական մասն էր»։


Չնայած այս դիրքորոշմանը, Սպիտակ տունը պնդում է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ցանկացած վերջնական խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մասը։ 


Թերթը նշում է, որ «Ուկրաինայի ղեկավարությունը Արևմուտքի անվտանգության երաշխիքները համարում է ցանկացած հնարավոր գործարքի հիմնաքարը»։


Թրամփը հայտարարել է, որ ուկրաինացի ղեկավարին Սպիտակ տուն չի հրավիրի մինչև համաձայնագրի ստորագրումը։ Որոշ եվրոպական երկրներ մտավախություն ունեն, որ Թրամփի վարչակազմը «կշեռքի նժարը կթեքի հօգուտ Ռուսաստանի»։


«Մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի, միջազգային իրավունքի կամ սկզբունքների մասին ոչ մի խոսք։ Սա ստեղծում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն, որը լի է բացերով»,- ասել է դիվանագետներից մեկը։