Գերմանիան «գաղտնի պլան» ունի Ռուսաստանի դեմ պատերազմի համար․ WSJ-ը բացահայտել է 1200 էջանոց ռազմական պլանը

The Wall Street Journal (WSJ) թերթը հայտնում է, որ գերմանացի բարձրաստիճան սպաների մի խումբ պատրաստել է Ռուսաստանի դեմ պատերազմի գաղտնի մի ծրագիր։


Փաստաթուղթը, որի մշակումը սկսվել է մոտ երկու ու կես տարի առաջ, բաղկացած է 1200 էջից։ Այն մանրամասնում է, թե ինչպես են Գերմանիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների շուրջ 800,000 զինծառայողներ տեղափոխվելու արևելյան ճակատային գիծ։


Մանրամասն թվարկվում են նավահանգիստները, գետերը, մայրուղիները և երկաթուղիները, ինչպես նաև զորքերի մատակարարման և պաշտպանության եղանակները։


Ծրագիրը շոշափում է հասարակական կյանքի բոլոր ասպեկտները՝ ջնջելով սահմանը քաղաքացիական և ռազմական ոլորտների միջև՝ «նշանավորելով վերադարձը Սառը պատերազմի ժամանակների մտածելակերպին»։


«Նպատակն է կանխել պատերազմը՝ մեր թշնամիներին հասկացնելով, որ եթե նրանք հարձակվեն մեզ վրա, հաջողության չեն հասնի»,- ասել է ծրագրի առաջին հեղինակներից մեկը։


Ծրագրի հեղինակները բախվում են մի շարք լուրջ խոչընդոտների, որոնք մատնանշվել են նաև այս աշնանային զորավարժությունների ժամանակ.


Սառը պատերազմից հետո կառուցված թունելներն ու կամուրջները հաճախ չափազանց նեղ և փխրուն են ռազմական տեխնիկայի համար։ Մայրուղիների 20%-ը և կամուրջների մեկ քառորդից ավելին վերանորոգման կարիք ունեն։


Գերմանացի պաշտոնյաների գնահատականով՝ Ռուսաստանը «պատրաստ կլինի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա 2029 թվականին»։ WSJ-ը նշում է, որ դիվերսիաների և եվրոպական երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու ֆոնին, Ռուսաստանը «կարող է պատրաստվել ավելի վաղ հարձակման»։