Բռնության ենթարկված տղան Նոյեմբերյանի քոլեջի սան է. 5 պատանին կալանավորվել, հետո ազատ են արձակվել. մանրամասներ

Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որում 4-5 դեռահասներ բռնություն են կիրառում մի պատանու նկատմամբ, ստորացնում նրան, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում:


Ըստ տեղեկությունների՝ բռնության ենթարկող տղաները Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ բռնության ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի քոլեջներից մեկի սան:


Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը և կալանավորել, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։


«Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է. դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք»,- փոխանցեցին ՔԿ-ից:


Նշենք՝ հաշվի առնելով խափանման միջոցների երկարաձգելու մասին տեղեկությունը և կադրերում տղաների հագուստը՝ ստացվում է՝ դեպքը նոր չէ։