«Հույս չունենաք՝ Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից խաղաղության դիմաց». Զելենսկու գրասենյակի ղեկավար

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է՝ քանի դեռ Վլադիմիր Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց։ Երմակն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 27-ին The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերին տված հարցազրույցում։


«Այսօր ոչ մի խելամիտ մարդ չի ստորագրի փաստաթուղթ տարածքները զիջելու մասին։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի փաստաթուղթ տարածքներ զիջելու մասին։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը և ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Երմակը։


Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քննարկել միայն այն, թե որտեղով պետք է անցնի պատերազմող կողմերի կողմից վերահսկվող տարածքները սահմանազատող գիծը։ «Այն ամենը, ինչը կարող ենք իրատեսորեն քննարկել, միայն շփման գիծը որոշելն է։ Եվ դա այն է, ինչ մենք պետք է անենք»,- ասել է Երմակը։


Սայմոն Շուստերը նշել է, որ Երմակն առաջին անգամ շարադրել է Ուկրաինայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում։