Գերմանիայում տարեսկզբից 850 կասկածելի դրոնների թռիչք է գրանցվել կրիտիկական օբյեկտների վրա․ Spiegel

Spiegel պարբերականը, հղում անելով Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության (BKA) տվյալներին, գրում է, որ Գերմանիայում տարեսկզբից մինչև հոկտեմբերի կեսերը գրանցվել է շուրջ 850 միջադեպ, երբ կասկածելի անօդաչու թռչող սարքեր թռիչքներ են կատարել երկրի կրիտիկական ենթակառուցվածքների վրա, իսկ դեպքերի թիվը գրեթե ամեն օր աճում է։


BKA-ն տարեսկզբից մինչև հոկտեմբերի կեսերը հաշվարկել է մոտ 850 ԱԹՍ թռիչք ռազմական օբյեկտների, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների և այսպես կոչված կրիտիկական ենթակառուցվածքների (օրինակ՝ էներգամատակարարման ընկերություններ կամ ջրային կայաններ) վրա։


Նման անհայտ ԱԹՍ-ների թռիչքները գրանցվում են գրեթե ամեն օր։


Որպես օրինակ՝ Spiegel-ը բերում է հոկտեմբերի 13-ի միջադեպը, երբ չորս ԱԹՍ է նկատվել Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային նահանգի Գնոյեն քաղաքում գտնվող բունդեսվերի բազայի վրա։


Պարբերականը պնդում է, որ այդ պահին գերմանացի հակաօդային պաշտպանության մասնագետներն այնտեղ մարզում էին ուկրաինացի զինվորականներին։


Ռազմական օբյեկտների նկարահանման փաստով անհայտ անձանց նկատմամբ քննություն է տարվում։