Ադրբեջանի Գաբալա քաղաքում Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը

2025թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:


Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում:


Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սկսելու վերաբերյալ:


Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:


Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:


Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում: