Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի հետ։

 


Նախարարները երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

 


Իր հերթին, Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

 


Քննարկվել են Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։

 


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։

 


Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։

 


Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։