Shamshyan.com-ի տեղեկություններով նոյեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքից քաղաքացի է վայր ընկել։
Տեղում պարզվել է, որ ժամը 09։00-ի սահմաններում շինարարական աշխատանքները ստուգելու նպատակով Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Սամվել Բ․-ն բարձրացել է Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիք, որտեղից մոտ 4 մետր բարձրությունից վայր է ընկել դպրոցի 3-րդ հարկի հատակին։
Սամվել Բ․-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։