Լուծումները բարդ են լինելու և վերաբերելու են որոշ սահմանափակումների. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

Արդեն երկու տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օդի որակի չափումներ: 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված են սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին:


Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 175 սարքից ստացվող տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից:


«Ցավալին այն է, որ երևույթը բարդ գործոններով է պայմանավորված, առաջին հերթին՝ մեր աշխարհագրական դիրքով և այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով, այդ օդը գալիս է մեր տարածաշրջան և շատ էական ժամանակ մնում է:


Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն այդ լուծումները։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար»,- ասել է Ավինյանը: