Այս շաբաթը կարող է «վճռորոշ լինել Ուկրաինայում խաղաղության բանակցային գործընթացի համար»․ Կայա Կալլաս

ԵՄ գլխավոր դիվանագետը կարծում է, որ այս շաբաթը կարող է վճռորոշ լինել Ուկրաինայում խաղաղության բանակցային գործընթացի համար, հաղորդում է «Եվրոպական պրավդա»-ն։


«Սա կարող է լինել դիվանագիտության համար վճռորոշ շաբաթ։ Երեկ մենք լսեցինք, որ Ամերիկայում բանակցությունները եղել են ծանր, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքները, բայց այսօր ես այդ մասին կխոսեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ», – հայտարարել է Կալլասը։


Սպասվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը անձամբ ներկա կլինի Բրյուսելում կայանալիք ԵՄ Խորհրդի նիստին, որտեղ կքննարկվի Ուկրաինային աջակցության հարցը։


«Մենք ունենք երկու լայն թեմա։ Առաջինը՝ ինչպես հետագայում աջակցել Ուկրաինային, իսկ երկրորդը վերաբերում է մեր սեփական պաշտպանական պատրաստվածությանն ու պաշտպանական կարողություններին, որոնք մենք պետք է ավելացնենք», – ասել է նա։


Կալլասը հավելել է, որ այժմ «ակնհայտ է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն, և այդ պատճառով մենք պետք է Ուկրաինային դարձնենք հնարավորինս ուժեղ, որպեսզի նա պատրաստ լինի պաշտպանվել այս շատ ու շատ դժվար ժամանակաշրջանում»։


«Ես հավատում եմ, որ ուկրաինացիները կպաշտպանեն իրենց», – եզրափակել է ԵՄ գլխավոր դիվանագետը։