Նիդեռլանդներն Ուկրաինային 250 միլիոն եվրո կտրամադրի զինամթերքի և հակաօդային պաշտպանության համար

Նիդեռլանդներն Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցության լրացուցիչ փաթեթ՝ PURL նախաձեռնության միջոցով, որը եվրոպական երկրներին թույլ է տալիս սպառազինություն գնել ԱՄՆ-ի պաշարներից, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։


«Ամեն օր մենք տեսնում ենք զանգվածային ավիահարվածներ Ուկրաինային։ Նրանց կարճ ժամանակամիջոցում օգնելու միակ միջոցն ամերիկյան պաշարներից մատակարարումներ ապահովելն է։ Այդ պատճառով ես հայտարարում եմ, որ Նիդեռլանդները կհատկացնի ևս 250 միլիոն եվրո», - ասել է ՊՆ ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ 


Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա ԱՄՆ պաշարներից ստանալու ավելի շատ զինամթերք հակաօդային պաշտպանության համար, ինչպես նաև զինամթերք F-16-ների համար։


PURL (Prioritised Ukraine Requirements List, Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ) նախաձեռնությունը գործարկվել է հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Այդ մեխանիզմի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն Ուկրաինայի համար զենք են գնում ԱՄՆ պաշարներից։