Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի
ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ ինչու
կառավարությունը չի հրապարակել ԼՂ խնդրի կարգավորման Քի Վեսթի բանակցությունների
փաստաթուղթը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես արձագանքել էր՝ նման
փաստաթուղթ կառավարության տիրապետության տակ չկա։ «Քի Վեսթի փաստաթուղթ չկա, դա եղել է դավադրություն»,- նշել
էր Փաշինյանը։
Արձագանքելով ՀՀ վարչապետի այս դիտարկմանը՝ հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ոչ միայն Քի Վեսթի փաստաթուղթ կա, այլ կա նաև այդ փաստաթղթի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշում՝ 2001 թվականի ապրիլ: Քանի որ Դուք և Ձեր ընկերները սիրում եք տարածել ՀՅԴ շրջաբերականները, ինչպես 004-ն է, մտածեցի, որ այս մեկն էլ Ձեզ կհետաքրքրի։ Ուրեմն, ՀՅԴ խորհրդապահական այս շրջաբերականը ներքին փաստաթուղթ է, որը տարածվել է կուսակցության ներսում՝ ներքին քննարկման համար: Այն վերաբերում է Արցախյան կարգավորման Քի Վեսթի փաստաթղթին: Ադրբեջանը մերժեց Քի Վեսթի առաջարկները, թեև ստանում էր 6,5 շրջան, ինչպես նաև Հայաստանի վրայով սուվերեն միջանցք՝ Նախիջևանի հետ կապվելու նպատակով: Փոխարենը, Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին: Այս տարբերակը, մեծ հաշվով, ընդունելի էր Հայաստանի օրվա իշխանությունների համար»:
Հարկ է նկատել, որ Civic.am-ը մեկ տարի առաջ
այս օրերին անդրադարձել էր խնդրո առարկա շրջաբերականին։ Տեղեկատվական առիթն
օգտագործելով՝ վերաթարմացնենք հրապարակումը՝ դրանից մեջբերումներ անելով։ «Մեր
ունեցած տեղեկութիւնների համաձայն, Ղարաբաղեան հարցի լուծման նոր տարբերակը, մեծ
հաւանականութեամբ, իր մէջ ընդգրկելու է հետևեալները.
1. Ադրբեջանական կողմը համաձայնուելու է, որ
Արցախը՝ Լաչինի միջանցքով, մաս կազմի ՀՀ-ին։ (Առայժմ յայտնի չէ, թէ Լաչինի միջանցք
ասելով ինչ պէտք է հասկանալ՝ ամբողջ միջա՞նցքը, թե՞ ինչ-որ միջանցք)։
2. Հայկական կողմից պահանջուելու է Ադրբեջանին
վերադարձնել ազատագրուած տարածքները։ (Մեզ համար անյայտ է բռնագրաւեալ Շահումեանի,
Մարտակերտի դաշտային մասի ճակատագիրը)։
3. Ադրբեջանին ընձեռուելու է հնարաւորութիւն՝
Հայաստանի տարածքով ազատ ու մասնաւոր ճանապարհ դէպի Նախիջևան։ Ճանապարհի վրայ
հսկողութեան հարցը տակաւին յստակ չէ։ Նախատեսւում է, որ ապագային Հայաստանը ևս
դառնայ (գուցե՝ ունենա- խմբ.) Նախիջևանի և Բաքուի վրայով դէպի արտաքին աշխարհ
առևտուրի և ազատ երթևեկութեան իրաւունք։
4. Կողմերի միջև վերջնական համաձայնութիւնից
յետոյ, փաստաթուղթը քննութեան նիւթ է դառնալու երկու երկրների խորհրդարաններում և
վերջնական հաստատում է գտնելու հանրաքուէի միջոցով։
5. Նախատեսւում է նաև միջազգային ֆինանսական
օժանդակութեան փաթէթ»,- նշվում
է շրջաբերականում։ Դրա հետագա տողերից ակնհայտ է առնում, որ ՀՅԴ-ն դեմ է
կարգավորման այս կետերին, միաժամանակ նկարագրելով այն հնարավոր զրկանքներն
ու անախորժությունները, որոնցում կարող է հայտնվել Քոչարյանին ու նրա իշխանությանը
հակադրվելու, «կտրուկ շրջադարձի», «առճակատման» գնալու պարագայում։
«․․․Օրուայ իրավիճակից ու միջազգային իրողութիւնից մեկնելով, եթե այսօր հրաժարւում ենք ազատագրուած տարածքներից,
կարող ենք հրաժարուել Հայ Դատի պայքարից։ Այս ուղով առաջ գնալու դէպքում Երկիրը
չե՞նք դնելու նորանոր աղէտների առաջ։ Առկայ են ուժեր, որոնք թեպետ բացէիբաց չեն
յայտնում իրենց ընդվզումն ու բողոքն այս ամենի նկատմամբ, սակայն վաղը յայտնուելու
են լուրջ անբարենպաստ պայմաններում։ Այսպէս դիրքորոշուելով ո՞րն է լինելու մեր
տեղն ու դերը հայ իրականութեան մէջ, ինչքա՞ն է լինելու համակիրների, ընկերների և
վերջապէս մեր ժողովրդի՝ մեզանից ապրած յուսախաբութեան չափը։ Հենց այն ժողովրդի, որ
մեզ չսիրելու դէպքում էլ յարգանքով է մօտենում մեզ, միշտ մեզ տեսնելով անկեղծ
զինուորի պատկերով ու յարատև կռուի ուղու վրայ։ Եվ վերջապէս չի՞ ծաւալուելու մի
համընդհանուր հակաքարոզչութիւն, որ Դաշնակցութեան կենտրոնը ՀՀ տեղափոխուելով, ՀՅԴ
օրուայ ղեկավարութիւնը իշխանական տաքուկ աթոռներին տիրանալով, իշխանութեան
կերակրասեղանին մօտ գտնուելով, իշխանութիւնների ուղղակի ազդեցութիւնը կրելով
այլասերուել է ու իշխանութիւնների հետևորդի դերում է յայտնուել։ բ. Հարցի
կարգաւորման նկատմամբ բացասական դիրքորոշում ցուցաբերելու պարագային Մեծ
հաւանականութեամբ, վերը հնչած հարցադրումները իբրև հիմնաւորում օգտագործելով,
շատերը կարող են բացասական դիրքորոշում ցուցաբերել հարցի կարգաւորման նշեալ
տարբերակին։ Սակայն ի սկզբանէ պէտք է իմանալ, որ այս անգամ մենք չենք կարող
ցուցաբերել «արի, սկզբունքային» կեցուածք վասն պատմութեան, այլ մեր կեցուածքների
համար գին վճարելով պէտք է գնանք իրականացնելու այն, ապա թէ ոչ՝ այնքան է կեղծ
հնչելու մեր կեցուածքը, որ նոյնն է լինելու, ինչ կը լինէր, եթէ ընդունէինք այն։
Այն պարագայում, մասամբ մերժումը ևս ունենալու է նոյն արդիւնքը, ինչ-որ կարող էր
ունենալ ամբողջական մերժումը՝ առճակատում։ Մերժման պարագային պէտք է քաջ գիտակցել,
որ հալածանքը մեր նկատմամբ անխուսափելի է լինելու, յար և նման, գուցէ առաւել խիստ,
քան եղաւ նախորդ իշխանութիւնների օրոք»,- նշվում է ՀՅԴ-ի հիշյալ փաստաթղթում։
Բյուրոն կասկած է հատնում նաև՝ արդյոք «հոգնած, սոցիալ-տնտեսական դժուարութիւններ
դիմագրավող ժողովուրդը» քայլելո՞ւ է իրեց ետևից։ «Այսօրուայ ընդդիմութիւն
կոչուող ուժերը, որոնք այժմ մեզ քննադատում են «անսկզբունքայնութեան» մէջ, վաղը
մեզ չե՞ն մատնացոյց անելու դարձեալ իբրև «պատերազմի, ազգայնամոլ, ծայրահեղական» մի
ուժի։ Մեր դիրքորոշմամբ մենք չե՞նք յայտնուելու Պապից աւելի պապականի դերում, երբ
նկատի ունենում, որ Արցախի իշխանութիւնները ամբողջութեամբ ՀՀ-ի հետևորդի դերում
են։ Ի՞նչ ենք անելու, եթէ մեր ոչը արձագանք չգտնի Արցախում։ Նման
դիրքորոշմամբ մենք նորէն շրջանառութեան մէջ չե՞նք դնելու կուսակցութեան մասին դեռ
առկայ տեռորիստական, ծայրայեղական իմիջը, յաչս միջազգային հանրութեան։ Ու դրանով
չե՞նք վայելելու նրանց համընդհանուր ու համատարած հալածանքը։ Եթէ հաւանական
համաձայնութեան գլխաւոր խոչընդոտող ուժը լինելու ենք միայն մենք, դրանով իսկ
հարցականի տակ չե՞նք դնելու կազմակերպութեան լինելիութեան հարցը։ Իսկ
համաձայնութեան ձախողութեան գործում յաջողութիւն ունենալու պարագային, հնարաւոր
չե՞նք դարձնելու արուեստական պատերազմի հաւանականութիւնը, որի արդիւնքը լաւագոյն
դէպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշուածը, բայց արդէն
իսկ որպէս ներկայ պատերազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։ Մինչև այժմ
ո՛չ ԼՂՀ-ն, ո՛չ էլ ՀՀ-ն ազատագրուած տարածքները իրենց գերիշխանութեան մաս չեն
յայտարարել, իսկ Ղարաբաղը թէ՛ իր միացումը ՀՀ-ի հետ և թէ՛ իր անկախութիւնը
յայտարարել է ԼՂԻՄ-ի սահմաններով։ Այժմ բանակցութիւնների սեղանի վրայ ինչպե՞ս պէտք
է պնդենք ազատագրուած տարածքների հայկական պատկանելիութեան հարցը։ Մերժելով այս
տարբերակը, մենք ի՞նչ ենք առաջարկում. բանակցութիւնների փոխզիջումային
տրամաբանական մթնոլորտում ի՞նչ ենք զիջում, իսկ եթէ միայն ձգտում ենք հարցի
ձգձգմանը, ապա ո՞րն է երաշխիքը, որ ապագան աւելի վտանգաւոր ու անբարենպաստ չի
լինելու ազգի համար։ Ձևաւորուող փաթեթը ամբողջութեամբ պարտութիւն չի նշանակում և
շատ հաւանական է, որ այն ճեղքեր, չասելու համար պառակտումներ առաջացնի մեր մէջ։
Շատ հաւանական է նորանոր «վերականգնումի շարժում»-ների ծնունդը, դասալքութիւնը՝
առանձին անձանց, որոնք կամ թուլամորթութեան և կամ էլ պետական համակարգում իրենց
զբաղեցրած տեղը կորցնելու վախից փորձեն քաղաքական-գաղափարական գոյն տալ իրենց
քայլին, նորէն ստեղծեն «բազէներ-աղաւնիներ» տխրահռչակ բաժանումները։ Ինչպե՞ս ենք
կանխելու այս անպատեհութիւնները»։
Ուշագրավ են նաև շրջաբերականի հետագա տողերը,
որտեղ ՀՅԴ-ն ընդունում է, որ այլևս չի կարող լինել ընդդիմության «գլխավոր
ուժը» և պետք է գործի չափազանց աչալուրջ՝ երկրի ու ժողովրդի համար լինելով
պատասխանատու․ «Մենք աւելի քան երեք տարի է, որ քիչ թե շատ իշխանութիւնների հետ ենք և այսօր կտրուկ շրջադարձը մեզ չի ընձեռելու նոյն դիւրութիւնները, որ ունէինք նախորդ իշխանութիւնների հետ
առճակատման օրերին, այլ խօսքով՝ այլևս չենք կարող (առանց մասնաւոր մեծ ճիգ
թափելու) ընդդիմութեան գլխաւոր ուժը լինել։ Եվ վերջապէս, այսօր, կարգաւորմանը
ընդդիմանալու համար ուժ կուտակելու կարելութիւն ունե՞նք, երբ նկատի ենք ունենում,
որ մի քանի ամիսների ընթացքում հաւանական է հարցի լուծումը։ Այս պարագայում մեր
առճակատումը իշխանութեան ձգտող ընդդիմութեան առճակատում չէ. մի առճակատում է, որի
հասունացման համար պէտք է աւելի երկար ժամանակ, որի սղութեան այս պայմաններում
ինչպե՞ս ենք ստեղծելու շուտափոյթ առճակատութեան կարելիութիւնները։ Մասնաւոր
հարցերում ամուր մերժողականի դերում մնալու պարագային ևս անպայման իշխանութիւնները
մեզ քաշելու են ամբողջական առճակատման դերի մէջ։ Որո՞նք են այն տակտիկային քայլերն
ու սկզբունքները, որոնք մեզ զերծ կը պահեն ակամայ առճակատումից, երբ մասնաւոր
մերժման պարագայի իրական արդիւնքը ևս այս տարբերակի ձախողումն է։ Մենք ի վիճակի
ենք թէ՛ թույլատրելու և թէ՛ խանգարելու հարցի կարգաւորման այս տարբերակը, սակայն
պահի թելադրանքն է՝ լինել ծայրաստիճան աչալուրջ, քանզի բոլոր պարագաներում մենք
պատասխանատու ենք երկրի և ժողովրդի վաղուայ համար։ Ամէն պարագայի մի գին կայ, որ
պարտաւոր ենք վճարելու՝ թէ որպէս ազգ, թէ որպէս պետութիւն և թէ որպէս կացութիւն»։
Ի դեպ, այս խորհրդապահական շրջաբերականի
գաղտնազերծումից հետո «Կանադայի ՀՅԴ մի խումբ անդամներ» հանդես եկան
հայտարարությամբ (այն տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում), որում մեղադրում էին
ՀՅԴ Բյուրոյին «իր խիստ գաղտնի «Շրջաբերական N55»-ում... կուսակցության
բարձրագույն շահերը ՀՀ նախագահի դիրքորոշման հետ համապատասխանեցնելու» մեջ,
ինչը, ըստ նրանց, գերադասելի է համարվում, քան նախագահին ընդդիմանալը, «որպեսզի
պահպանվեն ՀՅԴ-ի ձեռք բերած արտոնությունները»։ «Այս փաստը ՀՅԴ բոլոր
ավանդույթներին դեմ է, և մենք, որպես Դաշնակցության գաղափարակիրներ, բողոքում ենք
ՀՅԴ Բյուրոյի նման վարքագծի դեմ»,-մասնավորապես նշել էին նամակագիրները:
Մեկնաբանության համար խմբագրությունը դիմել էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանին, սակայն վերջինս «բերվածը կեղծ հայտարարություն» էր
որակել, «քանի որ նրա տակ կոնկրետ անուններ չկան»: Այսուհանդերձ, հիշյալ
շրջաբերականի բուն բովանդակության մեջ կա՞ն, արդյոք, կեղծ կամ անկեղծ
ստորագրողների դժգոհությունը հարուցած դրույթներ՝ Դաշնակցության ներկայացուցիչը
որոշել էր հարցն անպատասխան թողնել։
Նույն ՀՅԴ-ն, ի դեպ, ժամանակին դեմ էր
արտահայտվում նաև Քոչարյանի պաշտոնավարման ավարտին ի հայտ եկած՝ ԼՂ կարգավորման
«Մադրիդյան սկզբունքներին», բայց դա չխանգարեց, որ կոալիցիա կազմի այդ
սկզբունքների հիման վրա բանակցած ՀՀԿ ղեկավարի հետ։ Իսկ այ Նիկոլ Փաշինյանի
օրոք, մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, նույն ՀՅԴ-ն գովերգում էր
(սազն էր պակաս) իր կողմից մերժված ու հետին թվով «ընտիր» փաստաթուղթը։
Հ․Գ․ Հարկ է նշել, որ երբ «Հայաստան»
խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետին
ուղղված հարցում արծարծեց Քի Վեսթի փաստաթղթի՝
լինել-չլինելու հարցը, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց՝ եթե այն իրենց՝ ընդդիմության ձեռքի տակ է, ապա թող տրամադրեն կառավարությանը։
Սահմանված ժամկետում կկազմակերպվի դրա ապագաղտնիացումը (եթե գաղտնիության հետ կապված
խնդիր ծագի) ու կներկայացվի հանրության դատին։