Ուկրաինայում ռուսական բանակը «թերագնահատել է հակառակորդին» և պարզվել է՝ պատրաստ չէ պատերազմի։ Այս մասին ՌԲԿ-ի եթերում հայտարարել է ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը։
«Ռուսաստանը հերթական անգամ պատրաստ չէր պատերազմի,
ինչպես նախորդ տարիներին և նախորդ հարյուրամյակում։ Ավելին, ավանդաբար թերագնահատվել
է հակառակորդը և գերագնահատվել սեփական զորքերը»,- ասել է Չիրկինը։
Նրա խոսքով՝ «բացասական գնահատականի» է արժանի Ռուսաստանի
ողջ հետախուզական համայնքի աշխատանքը։ «Ըստ էության, երկրի ղեկավարությանը ներկայացվել
է, ես կասեի, կեղծ տեղեկատվություն։ Թե՝ Ուկրաինայի բնակչության 70%-ը մեզ կողմ էր,
իսկ 30%-ը՝ դեմ։ Պարզվեց, որ ճիշտ հակառակն էր. 30%-ն էր մեզ կողմ, իսկ 70%-ը՝ դեմ»,-
ասել է Չիրկինը։
«Թե ինչի դա հանգեցրեց՝ մենք արդեն գիտենք. տառացիորեն
առաջին իսկ շաբաթներին մենք քաղեցինք լուրջ,
դաժան դաս»,- շարունակել է գեներալը. ռուսական բանակը ստիպված եղավ նահանջել Կիևից,
ապա կորցրեց իր տարածքային նվաճումները, որոնք չկարողացավ վերականգնել նույնիսկ երեք
տարի անց։ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը, թեև
2022 թվականի սկզբին դա 27% էր։
«Պաշտպանության նախկին նախարարը փորձեց գեղեցիկ կերպով
դուրս գալ այս իրավիճակից՝ կատարվածն անվանելով բարի կամքի դրսևորում։ Թե որքան զոհեր,
վիրավորներ և խեղվածներ ենք թողել՝ գիտեն մեր բանակում, և կարծում եմ, որ պատմությունը
դեռ լիովին չի լուսաբանվել»,- եզրափակել է Չիրկինը։