ԱՍՀ նախարարի տեղակալը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովի կազմակերպման և ոչ ֆորմալ տնտեսության վերաբերյալ կատարված ուսումնասիրության համար։


 

ԱՄԿ-ի Գլոբալ ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին նշել է, որ ուսումնասիրության արդյունքները կծառայեն ապագա օրենսդրական բարեփոխումների քննարկման հիմք՝ ընդգծելով, որ ոչ ֆորմալ զբաղվածության հիմնական բաժինը կենտրոնացած է գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։ Այս համատեքստում կարևորվել է նաև աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը։


 

Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունների, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող և մշակվող ծրագրերի ընթացքը՝ կարևորելով ԱՄԿ աջակցությունն ու հետագա համագործակցությունը։


 

Կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։