Իլոն Մասկը 445 մլն դոլար է ծախսել ընտրություններում, սակայն հանրապետականները պարտվել են․ նրա կարողությունը նվազել է 45 մլրդ դոլարով

Իլոն Մասկն առնվազն 445 մլն դոլար է ծախսել ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում Հանրապետական կուսակցությանն աջակցելու համար, սակայն հանրապետականները պարտվել են նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում, գրում է Associated Press-ը։ Երկու պալատներն էլ անցել են դեմոկրատների վերահսկողության տակ, որոնք կասկածանքով են վերաբերվում աշխարհի ամենահարուստ մարդուն և մտադիր են ստուգումներ իրականացնել նրա ընկերություններում ու «Կառավարման արդյունավետության դեպարտամենտում»։ Կոնգրեսում արդեն խոսում են հնարավոր ծանուցագրերի և հետաքննությունների մասին։


Նշվում է, որ Մասկի համար հատկապես ցավոտ են եղել ընտրությունների արդյունքները Տեխասում, որտեղ տեղակայված են նրա մի քանի ընկերությունները։ Հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը, ում քարոզարշավին Մասկը հատկացրել էր առնվազն 5 մլն դոլար, զիջել է դեմոկրատ Ջինա Ինոխոսային։ Եվս 158 մլն դոլար նրա ծախսերից ըստ էության աշխատել է նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի համար, սակայն վերջինս Սենատում տեղի համար պայքարում պարտվել է դեմոկրատ Ջեյմս Թալարիկոյին։ Դեմոկրատներն իրենց քարոզարշավը կառուցել էին նաև այն հարկային արտոնությունների և դրամաշնորհների քննադատության վրա, որոնք ստանում են Մասկի ընկերությունները։