Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդար վերաբերմունքը» կփոխարինվի նոր մոտեցումներով։
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ Մենք, իհարկե, համբերատար սպասում ենք նրանց դիրքորոշմանը և հույս ունենք, որ մինչև 2024 թվականը տիրող բացարձակ կոշտ և անարդար վերաբերմունքը կփոխարինվի նոր մոտեցումներով»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Միացյալ նահանգները պատժամիջոցներ կիրառեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ։ Դրանք ենթադրում են Իվանիշվիլու ակտիվների սառեցում ԱՄՆ-ում, իսկ ամերիկյան քաղաքացիներին ու ընկերություններին՝ նրա հետ բիզնես վարելու արգելք։