Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Բաքվում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին հայտնում է IRNA-ն:


Համատեղ մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը խոսել է երկու երկրների ինչպես ընդհանրությունների և փոխադարձ շահերի, այնպես էլ տարաձայնությունների և թյուրըմբռնումների մասին: Տարաձայնությունները, ըստ Արաղչիի, պետք է լուծվեն երկխոսության միջոցով: 


«Մենք քննարկել և խորհրդակցել ենք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասել է Արաղչին:


Տարածաշրջանային անվտանգության համատեքստում Արաղչին անդրադարձել է նաև «3+3» մեխանիզմին: 


«Հիմնական իմաստն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Ցանկացած արտաքին միջամտություն՝ ցանկացած կողմից, վնասակար կլինի անվտանգության համար»,-ասել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայն են այս հարցում: