Ադրբեջանը կարող է ապահովել էներգառեսուրսների ցանկացած ծավալ, որ անհրաժեշտ է Սլովակիային: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրատիսլավայում իր սլովակ գործընկեր Պետեր Պելեգրինիի հետ մամուլի ասուլիսում։
Նա նշել
է, որ իրենք արտահանում են բնական գազ աշխարհի շատ երկրներում, որոնց թիվը հասել է
14-ի. «Նոր գազային հանքավայրերի մշակման արդյունքում կստացվեն լրացուցիչ ռեսուրսներ, և, իհարկե,
հնարավորություն կստեղծվի ադրբեջանական գազի ավելի մեծ ծավալներ մատակարարել
ինչպես Սլովակիային, այնպես էլ հարևան երկրներին»։
Ալիևն
անդրադարձել է նաև Սլովակիայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում
համագործակցությանը և նշել. «Մենք այս ոլորտում համագործակցությունը դիտարկում ենք
արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Մենք պատերազմ վարելու մտադրություն
չունենք. մեզ համար պատերազմները մնացել են անցյալում: Այստեղ խոսքը ուղղակի
սիներգիայի ստեղծման մասին է, երբ սլովակյան տեխնոլոգիաները ադրբեջանական
ֆինանսական հնարավորությունների հետ համատեղելով՝ կարելի է արտադրել նոր ապրանք,
որը հետաքրքիր կլինի նաև համաշխարհային շուկաների համար։ Ավելին, դա մեզ զգալի
օգուտներ կբերի որպես տեխնոլոգիական զարգացման մի ճյուղ։ Մենք աշխատում ենք այս
ուղղությամբ կոնկրետ նախագծերի վրա»։