«Ամեն ինչ կախված է Երևանից». ՀԱՊԿ ԽՎ անդամը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին

Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից: Այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական ​​հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ։


Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջխորհրդարանական տեսանկյունից հայ գործընկերները կարծես չեն մասնակցում Վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն այն բոլոր փաստաթղթերին, որ ընդունվում են Խորհրդարանական վեհաժողովի հարթակում։


«Ինչպես ենք մենք դրան վերաբերվում։ Այսօր, կարծում եմ, ամբողջ աշխարհն արդեն տեսել է դե յուրե և դե ֆակտո, որ ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ ԽՎ-ն աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Հաստատապես չկա ոչ մի ճնշում երկրի կամ խորհրդարանականների վրա։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այն որոշումներին, որոնք ընդունվում են մեր գործընկերների կողմից, և պահանջներ չունենք։ Եվ մենք հստակ նաև տեսնում ենք, որ Հայաստանը չափազանց հարգալից է այն որոշումների հանդեպ, որոնք մենք ենք ընդունում»,- ասել է Վիբորնին։


Թե որքան կտևի այս իրավիճակը, նրա խոսքով՝ կախված է հենց Հայաստանից։


Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Վիբորնիի խոսքով՝ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները կողմ են, որ բոլոր հարցերը լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։


«Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն դա։ Նրանք գիտեն, թե ինչ ներդրում ենք մենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեռևս 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը նաև հետագայում՝ անելու հնարավոր ամեն ինչ, որ չզոհվեն մարդիկ, և որ յուրաքանչյուր հարց լուծվի  բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է Վիբորնին։