Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համարում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը կարող է օրինակ ծառայել աշխարհի այլ տարածաշրջանների համար ևս։
Գերմանիայի կանցլերը նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին Գերմանիայի ուղիղ ներգրավվածության հնարավորության վերաբերյալ հարցին։
Կանցլերի խոսքով՝ Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացին։
«Համաձայն ենք այն հարցում, որ մեծ շանս կա Հայաստանի և Ադրբեջանի համար։ Դա համատեղ դիվանագիտական և այլ ջանքեր ու փոխադարձաբար մյուսների շահերը հաշվի առնել է պահանջում։ Կարող ենք համատեղ առաջ տանել խաղաղության գործընթացը։ Կարծում եմ՝ այս օրինակը կարող է ընդօրինակվել աշխարհի այլ տարածաշրջաններում ևս։ Այսպիսով, կարծում եմ, բացվել է ճանապարհը դեպի Եվրոպա, և շատ տարբեր ձևերով կարելի է համագործակցությունը խորացնել»,-ասաց Մերցը։
Ըստ նրա՝ այդ քայլերից մեկն արվում է այսօր, ավելի շատ քայլեր կհաջորդեն ապագայում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հայաստանը բավականին երկար ժամանակ Ադրբեջանի հետ աշխատում է երկկողմ ձևաչափով։«Բայց այս ընթացքում նաև Գերմանիան, ԵՄ-ն աջակցություն են ցուցաբերել խաղաղության գործընթացին։ Եվ այդ աջակցությունն արտահայտվել է կոնկրետ գործողություններով»,-ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ ԵՄ-ի, Գերմանիայի դերը չպետք է թերագնահատել վաշինգտոնյան համաձայնությունների, առկա դրական ֆոնի և այլ պրոցեսների հարցում։
Փաշինյանը կարծում է, որ նախորդող ժամանակաշրջանում ևս շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել և որոշումներ են կայացվել, որոնք ստեղծել են որոշակի տարածք, այդ թվում՝ Հայաստանի համար խաղաղության օրակարգի առաջմղման ուուղղությամբ գործելու առումով։ Վարչապետն այս համատեքստում ընդգծեց ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով։ Այդ որոշումը, ըստ վարչապետի, շատ կարևոր դերակատարում է ունեցել խաղաղության հետագա գործընթացի և խաղաղության օրակարգի ճանապարհով ավելի ու ավելի վստահ քայլելու Հայաստանի դիրքորոշման համար։