ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին և հանդես եկել ելույթով:
«Նախ շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը՝ մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն: Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև հանրային համերաշխության հատուկ բաղադրիչը:
Ազգային ժողովը՝ որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարևոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք շարունակում ենք հետևողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը:

Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ առանձնահատկություններից, հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից ու ազատություններից:
