Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գործադիրը հավանության է արժանացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արդյունքում կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, կնվազեցվի ավելորդ վարչարարությունը և կապահովվի հասցեների վերաբերյալ միասնական, ամբողջական, հավաստի և գործող ստանդարտներին համապատասխան պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազայի ձևավորումը։
Օրենքի կարգավորումները հնարավորություն կտան հասցեավորման հետ կապված խնդիրները լուծել ոչ միայն քաղաքացու դիմումի հիման վրա, այլև անշարժ գույքի պետական ռեգիստրի և հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների նախաձեռնողական համագործակցության միջոցով։ Արդյունքում՝ արդեն իսկ գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները հնարավոր կլինի վերացնել առանց քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելու։
Նախագծի ընդունումը կնպաստի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների հստակեցմանը, ժամկետների պահպանման ապահովմանը։
Ընդհանուր առմամբ, կձևավորվի հասցեների կառավարման ավելի արդյունավետ, կանխատեսելի և թվայնացված համակարգ, որը կնպաստի անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների պարզեցմանը, տվյալների որակի բարձրացմանը և քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար առավել հստակ վարչարարական միջավայրի ձևավորմանը։
«Մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ունենալ կենտրոնական շտեմարան և հետո օրենսդրորեն կարգավորել այն բոլոր ծառայություն մատուցողների հետ փոխադարձ հարաբերությունները, որոնք որ պետք է օգտվեն արդեն կենտրոնական շտեմարանից և այս տվյալները պետք է փոփոխվեն «լայվ» ռեժիմով կոնկրետ այն պահին, երբ օրինակ հենց փողոցի անվանափոխման խնդիր է առաջանում համայնքի մոտ և տեղի է ունենում փողոցի անվանափոխում շտեմարաններում», - նշել է Սուրեն Թովմասյանը:
Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պլանավորվել է տարածական տվյալների և ենթակառուցվածքի լույսի ներքո ներդնել համակարգ, որտեղ «լայվ» ռեժիմներով կերևա կոնկրետ փոփոխությունները և երբ հասցեների փոփոխությունները կմուտքագրվեն հասցեների շտեմարան, անմիջապես այդ փոփոխությունները կարտապատկերվի Հայաստանի Հանրապետության ազգային գեոպորտալում և դա դառնալու է համընդհանուր գործիք, որից օգտվելու են և այն ստանալու է իրավական ուժ արդեն օրենսդրական հետագա կարգավորումների ժամանակ:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Մասսայական և թիրախային ծանուցման ռեժիմ պիտի զուգահեռ տանենք առաջ, որպեսզի քաղաքացիներին անհարմար չլինի: Նաև պետք է հասկանանք ինչ ստանդարտով ենք մենք ծանուցում ծառայություն մատուցողներին, որոնք օգտագործում են հասցեների մասսայական շտեմարանները»: