Ուկրաինան արդեն 2027 թվականին կարող է անդամակցել ԵՄ-ին. The Washington Post-ը՝ Վաշինգտոն-Կիև քննարկումների մասին

Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու խաղաղության ծրագրի շրջանակներում Վաշինգտոնը և Կիևը քննարկում են առաջարկ, համաձայն որի՝ Ուկրաինան կարող է անդամակցել Եվրամիությանը արդեն 2027 թվականին: Այս մասին գրել է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։


ԵՄ-ին Ուկրաինայի այսպիսի արագ անդամակցությունը մտահոգել է Եվրամիության որոշ երկրների, նշել է նա։ Սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմը համարում է, որ կարող է հաղթահարել Հունգարիայի հակազդեցությունը, որը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը։


Ենթադրվում է, որ ԵՄ անդամակցությունը կնպաստի առևտրի և ներդրումների զարգացմանը, ինչպես նաև Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարին։


Բանակցություններին քննարկվում է նաև ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը «հրադադարի ամբողջ գծի երկայնքով»՝ Դոնեցկի մարզից մինչև Խերսոն և Զապորոժիե: «Այս ապառազմականացված գոտուց այն կողմ կտեղակայվի մեկ այլ՝ ավելի խորը գոտի, որտեղ արգելվելու է ծանր սպառազինությունը: Այս գոտին կգտնվի համակ հսկողության ներքո՝ նման Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտուն»,- գրում է սյունակագիրը։


Նրա տեղեկություններով՝ այլ գաղափարների շարքում է Զապորոժիեի ԱԷԿ-ի անցումը ԱՄՆ վերահսկողության ներքո։