Ստորագրվել է գիտահետազոտական կարողությունների զարգացման հուշագիր. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ու Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Արմեն Բաբայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որն ուղղված է բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում գիտական, փորձագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:


 

Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու հաստատությունների համագործակցությունը՝ միավորելով վերահսկողական մարմնի գործնական փորձն ու ինստիտուտի գիտական ներուժը։


 

Կողմերը կգործակցեն հիդրոտեխնիկական մոդելավորման, հետազոտությունների իրականացման, ջրային ռեսուրսների ռիսկերի գնահատման, ընդերքօգտագործման ոլորտում ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման ուղղություններով։


 

Համագործակցությունը նպատակ ունի ապահովել գիտելիքահենք որոշումների կայացում, բարձրացնել վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետությունը և խթանել բնապահպանական քաղաքականության զարգացմանը նպաստող նախաձեռնությունները։