Եթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերազմը կվերսկսվի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման դեպքում պատերազմը կվերսկսվի։Այս մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։


«Եվրոպացիները գիտեն, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայումն անընդունելի է»,- ընդգծել է Պուտինը։


Նրա խոսքով՝ օտարերկրյա զորքերի տեղակայումը կնշանակի պատերազմի շարունակություն։ Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է համաձայնագիր կնքել Եվրոպայում անվտանգության համակարգի վերաբերյալ, սակայն եվրոպական երկրները մերժում են այդ առաջարկը։


ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի ԱՄՆ-ն համագործակցի Եվրոպայի հետ, և եվրոպական երկրներն իրենք որոշեն՝ ցանկանում են խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։


Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանազատման հարցին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի համար կա միայն մեկ սահմանազատման գիծ՝ պետական սահմանը։


Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հաստատել մշտական խաղաղություն։


Բացի այդ, Ռուսաստանի նախագահն առաջարկել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալեշկիի օրինակով։