«ԱՄՆ-ը իրավունք չունի խառնվելու ընտրություններին. դա նույնիսկ չի քննարկվում». Եվրահանձնաժողովի նախագահ

Միացյալ Նահանգները իրավունք չունի խառնվելու ընտրություններին կամ եվրոպական քաղաքական կուրսին, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։


Նա արձագանքել է ԱՄՆ նոր Ազգային անվտանգության ռազմավարությանը, որում, ի թիվս այլոց, խոսվում է առաջիկա 20 տարիների ընթացքում Եվրոպայի «քաղաքակրթական ոչնչացման» սպառնալիքի մասին և քննադատվում ԵՄ քաղաքականությունը ծայրահեղ աջ ուժերի նկատմամբ։


«Երբ խոսքը գնում է ընտրությունների մասին, մեր գործը չէ որոշելը, թե ով կլինի երկրի առաջնորդը։ Դա այդ երկրի ժողովրդի գործն է,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։- Դա ընտրողների ինքնիշխանությունն է, և այն պետք է պաշտպանվի»։


Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ «ոչ ոք չպետք է խառնվի» ընտրություններին, և «դա նույնիսկ չի քննարկվում»։


Եվրահանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ միշտ «շատ լավ աշխատանքային հարաբերություններ» է ունեցել ԱՄՆ նախագահների հետ, և «այժմ էլ այդպես է»։ Սակայն նա հավելել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա իր վրա, այլ ոչ թե համեմատի իրեն ուրիշների հետ։ Ֆոն դեր Լյայենը խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փոխվել են, քանի որ Եվրամիությունը փոխվում է։