«Դոնբասի ապառազմականացված գոտում չեն լինի զորքեր, բայց կլինեն Ռոսգվարդիան և ոստիկանությունը». Ուշակովի այս հայտարարությունը Ուկրաինայի ԱԳՆ-ն համարել է «աբսուրդ»

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել Դոնբասում «ապառազմականացված գոտու» ստեղծումը, որտեղ չեն լինի ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական զորքեր, բայց կլինեն Ռոսգվարդիան և ոստիկանությունը։


Ուշակովը այս մասին հայտարարել է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հետ զրույցում։ Լրագրողը խնդրել է նախագահի օգնականին մեկնաբանել արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները առ այն, որ Ուկրաինայի իշխանությունները «զիջումների են գնացել տարածքային հարցում և պատրաստ են իրենց զորքերը դուրս բերել Դոնբասից, եթե ռուսական զորքերը չմտնեն այդ տարածքներ», ինչպես նաև «համաձայն են կամ նույնիսկ ցանկանում են, որ այդ տարածքները վերահսկվեն միջազգային խաղաղապահ ուժերի կողմից»։


«Լիովին հնարավոր է, որ այնտեղ անմիջաբար զորքեր չլինեն՝ ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական։ Այո, բայց կլինի Ռոսգվարդիան, կլինի մեր ոստիկանությունը, կլինի ամեն ինչ, որ անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու և կյանքը կազմակերպելու համար»,- ասել է Ուշակովը։


Ուշակովը ընդգծել է, որ Ռուսաստանը Դոնբասը համարում է իր տարածքը, որը «կլինի մեր վարչակազմերի վերահսկողության տակ»։


«Եթե ոչ բանակցային, ապա ռազմական ճանապարհով այս տարածքը կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողությանը։ Մնացած ամեն ինչ կախված կլինի միայն դրանից։ Այսինքն՝ հրադադարը կարող է լինել միայն ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո»,- ասել է նա։


Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան X սոցիալական ցանցում գրել է, որ «աբսուրդ» բառը կարող է ինչ-որ մեկին այնքան ուժեղ չթվալ Ուշակովի հայտարարությունը նկարագրելու համար՝ «Ռոսգվարդիայի և ոստիկանության հետ միասին ապառազմականացված գոտու» մասին։ Նա նաև հավելել է, որ Ուշակովի հայտարարությունը կարելի է գնահատել որպես «ամերիկյան առաջարկների մերժում»։