ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի և տարբեր համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում աջակցությունն ու ձևավորված կոնսենսուսը։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։