«2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է: Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն»։
Այս մտքի շափյուղայի հեղինակը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է։
Նա, ակնհայտորեն, այնքան շատ է տարվել վարչապետ դառնալու իր
իղձ ու փափագով, որ անկեղծության այս տեսակ՝ անթույլատրելի պոռթկումներ է ունենում։
Հիշեցնենք՝ Թաթոյանը մեկն է, որը նախկին՝ իր ասած կոռումպացված համակարգերից մեկի
օրոք զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, մեկն է, որին նախկին
կոռումպացված համակարգերից մեկը՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,
առաջադրեց ու ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Ու հիմա, փաստորեն, «անցյալի
կոռումպացված համակարգում» ծնունդ առած, կարիերա արած սուբյեկտը փորձում է իրեն դուրս
դնել իր նկարագրած անցյալից՝ ցուցմունք տալով իր ու իր քաղաքական երբեմնի պատրոնի
դեմ։ Ինչ խոսք, բարոյական չէ, եթե չասենք՝ ծայրաստիճան տգեղ ու անբարոյական։
Ինչ-որ բան հուշում է, որ Սերժ Սարգսյանը Թաթոյանի այս «մատնությունից» հետո
առնվազն «բողոքի նոտա» պետք է հղի՝ սաստելով իր «ֆիրմեննի» բառապաշարով՝ «Արման ջան, սիրուն չի»։ Նաև
հավելելով՝ «այ սենց ես անում, որ խիյարը թարս ա բուսնում»։ «Խիյարը», նկատենք,
քաղաքական այն անադեկվատ ամբիցիաներն են,
որոնք նախկին իշխանությունն իրեն աֆիլացված նորելուկ քաղգործիչների միջոցով
փորձում է բավարարել՝ մասնակցելով 2026-ի ընտրություններին։