Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, արձագանքելով Ռուսաստանի ՊՆ-ում ընդլայնված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին, նշել է, որ Մոսկվայից հերթական ազդակներն են ստանում, որ Ռուսաստանը հաջորդ տարի պատրաստվում է շարունակել պատերազմը։
Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրամիության գործընկերներին կոչ է արել արձագանքել այդ հայտարարություններին։
Զելենսկին այս մասին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր էջում։
«Այսօր Մոսկվայից հերթական ազդակներն ենք լսել, որ հաջորդ տարի նրանք պատրաստվում են պատերազմի։ Սրանք ազդանշաններ են ոչ միայն մեզ համար։ Կարևոր է, որ գործընկերները դա տեսնեն: Եվ կարևոր է, որ նրանք ոչ միայն տեսնեն, այլև արձագանքեն, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերները, որոնք հաճախ ասում են, որ Ռուսաստանը, կարծես, ցանկանում է վերջ տալ պատերազմին: Բայց Ռուսաստանից հնչում է բոլորովին այլ հռետորաբանություն, այլ ազդանշաններ»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ, եթե Ռուսաստանի տրամադրվածությունն այդպիսին է, ապա նրանք կարող են խաթարել նաև բանակցային գործընթացը՝ քողարկելով Ուկրաինան և ուկրաինացիներին ոչնչացնելու իրենց ցանկությունը։
«Պետք է իրական պաշտպանություն և մենք կշարունակենք աշխատել բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդպիսի պաշտպանություն իսկապես լինի։ Պետք են անվտանգային լուծումներ, պետք են ֆինանսական լուծումներ, այդ թվում ՝ ռուսական ակտիվների հետ կապված, պետք են քաղաքական լուծումներ։ Եվ անհրաժեշտ է մեր բոլոր գործընկերների համարձակությունը՝ տեսնելու ճշմարտությունը, ընդունելու ճշմարտությունը և գործելու համապատասխանաբար»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրին, ով հենց այդպես է աջակցում Ուկրաինային և անվտանգության հասնելու աշխատանքին։