Հայաստանն ու ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030թթ. կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026-2030 թվականների երկկողմ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը:


Այս մասին նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: 


Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը և համագործակցության շրջանակը: 


Հաղորդվում է, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը և դրա շրջանակներում հետագա համատեղ ծրագրերի իրականացումը: 


Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռական է շարունակելու նշված բոլոր ուղղություններով բարեփոխումները և ուրախ է այդ ճանապարհն անցնել Հայաստանի զարգացման գործընկերների հետ միասին:


«Մեր համագործակցության նոր շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գերակայություններին և հնարավորություն է տալիս համատեղել զարգացման քաղաքականությունը Հայաստանի խաղաղության օրակարգի հետ։ Սա մեզ թույլ է տալիս ունենալ միասնական, համակարգված և ապագային միտված ծրագրային համագործակցություն»,-նշել է փոխվարչապետը: 


Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն, իր հերթին, նշել է, որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Հայաստանի համար կաևոր փուլում։


«Ստորագրում ենք այս Համագործակցության շրջանակը Հայաստանի զարգացման համար կարևոր փուլում։ Այսօր կայացվող որոշումները ձևավորելու են երկրի զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Մեր ընդհանուր նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին՝ հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են։ 2026 թվականը լինելու է մարդակենտրոն տարի, որը կնշանավորվի այնպիսի զարգացումներով, որոնք կարևորում են վստահությունը, ներառականությունը և սոցիալական համախմբվածությունը»,-նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: