Ռուսաստանի տնտեսական աճը կտրուկ դանդաղել է, սակայն դրա հետ մեկտեղ ՌԴ բանակը հարձակվում է բոլոր ուղղություններով և մեկը մյուսի հետևից գրավում ուկրաինական քաղաքները. այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ կապ» հեռուստաշոուի ժամանակ:
Ըստ նրա՝ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կավելանա ընդամենը 1%-ով, ինչը չորս անգամ պակաս է նախորդ տարվա և 2023 թվականի համեմատ:
«Դրանք կառավարության և Կենտրոնական բանկի կողմից գիտակցված գործողություններ են՝ կապված գնաճի թիրախավորման հետ: Տնտեսական աճի տեմպերի նվազումը գիտակցված քայլ է, վճար՝ տնտեսության որակի պահպանման համար», — ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, ռազմաճակատում ռուսական բանակը «հարձակվում է շփման գծի ողջ երկայնքով», իսկ հակառակորդը «նահանջում է», ընդգծել է Պուտինը:
«Այն բանից հետո, երբ Զինված ուժերը նրանց դուրս շպրտեցին կուրսկյան հողից, նախաձեռնությունն ամբողջությամբ և լիովին անցավ ռուսական Զինված ուժերի ձեռքը», — շարունակել է նա:
Պուտինի խոսքով՝ ռուսական վերահսկողության տակ «դեռ մի քանի շաբաթ առաջ անցել է Կուպյանսկ քաղաքը», որտեղ, ինչպես պնդում է նախագահը, շրջափակման մեջ են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի 15 գումարտակ՝ 15 հազար մարդ թվակազմով, ինչպես նաև Վոլչանսկը:
«Կարծում եմ, որ Կրասնի Լիմանը կգրավվի ամենամոտ ժամանակներս: Քաղաքի 50%-ը մեր վերահսկողության տակ է: Շարժումը կշարունակվի առաջ, արդեն մի փոքր դեպի հարավ՝ դեպի Սլավյանսկ», — ասել է Պուտինը: Նաև, ըստ նրա, բանակը վերահսկողության տակ է վերցրել «Կոնստանտինովկայի ավելի քան 50%-ը»: «Ես կասկած չունեմ, որ տղաները կվերցնեն նաև այդ բնակավայրը», — նշել է Պուտինը: