«Այնքան էլ պարզ չէ, թե ով է ում վրա հարձակվել». Օրբանը չգիտի՝ ով է սկսել ռուս-ուկրաինական պատերազմը

Եվրոպական խորհրդի նիստից հետո ունեցած ելույթում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ որոշումը և կասկածի տակ դրել այն փաստը, որ հենց Ռուսաստանն է սանձազերծել պատերազմը։ Նա հայտարարել է, որ արևմտյան առաջնորդները «տանը հանգիստ նախաճաշում են, սուրճ խմում և մտածում, թե բարոյական տեսանկյունից ճիշտ է օգնել մի փոքր երկրի, որի վրա հարձակվել են»։ «Իհարկե, այնքան էլ փոքր չէ, և այնքան էլ պարզ չէ, թե ով է ում վրա հարձակվել», — հավելել է Օրբանը (մեջբերումն ըստ HVG-ի)։


Հունգարիայի կառավարության ղեկավարը քննադատել է սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ԵՄ ծրագրերը՝ դա հավասարեցնելով Ռուսաստանին «պատերազմ հայտարարելուն»։ Նա նաև «խաբեություն» է որակել այն միտքը, թե Ուկրաինայում պատերազմի ծախսերը վերջնական արդյունքում կփոխհատուցի Մոսկվան՝ ռեպարացիաների (ռազմատուգանքների) հաշվին։ Բացի այդ, նա «ռազմական վարկ» է անվանել Ուկրաինային աջակցելու համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկը՝ նշելով, որ ուկրաինական կողմն ի վերջո չի կարողանա մարել այն, և այդ բեռը կընկնի եվրոպացի հարկատուների ուսերին։ Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն մասնակցում այդ սխեմային։


Վիկտոր Օրբանը նախկինում ևս բազմիցս տարածել է պրոռուսական թեզեր։ Մասնավորապես, անցյալ տարվա մարտին նա մեղադրել էր եվրոպական պետություններին այն բանում, որ Ուկրաինային աջակցելով և Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ նրանք «սեփական պատերազմն» են մղում Ռուսաստանի դեմ։ Նա նաև մատնանշել էր Կիևին այնպիսի սպառազինություն մատակարարելու «վտանգը», որն ունակ է հարվածել ՌԴ տարածքում գտնվող թիրախներին, և պարբերաբար հայտարարել էր, թե Բրյուսելի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում, իր կարծիքով, չի բխում եվրոպացիների շահերից։


Հունգարիայի կառավարությունը խոչընդոտել է Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրամիության որոշումների գրեթե կեսի ընդունմանը։ Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրել էր, որ ԵՄ երկրների առաջնորդներն ավելի ու ավելի են հոգնում Բուդապեշտի դիրքորոշումից և դիտարկում են աննախադեպ քայլի հնարավորությունը՝ Հունգարիային զրկել համատեղ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից։ Նման մեխանիզմ նախատեսված է Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածով և կարող է կիրառվել, եթե պետությունը չի պահպանում ԵՄ արժեքները։