«Ո՞ւր է ժողովուրդը»,- օրերս «Զվարթնոց» օդանավակայանում այսպես արձագանքեց անակնկալի եկած Կտրիճ Ներսիսյանը՝ փնտրելով ու այդպես էլ չտեսնելով իր ակնկալած այն բազմահազար քաղաքացիներին, որոնք իր հաշվարկով պետք է որ եկած լինեին օդանավակայան՝ հաջակցություն իրեն։
Օրերս էլ Մայր Աթոռի բակում էր
բազմություն հավաքվել, մի մասը, միանալով 10 եպիսկոպոսներին, պահանջում էր Գարեգին
Բ-ի հրաժարականը, մյուս մասն էլ իր
քաղաքական պատրոնների՝ նախկին իշխանության և դրան աֆիլացված ուժերի կոչով ու հորդորով էր եկել, ինչու չէ՝ բերվել և
կամ բերման ենթարկվել՝ աջակցելու Կտրիճ Ներսիսյանին, մեկը, որը պահանջում է իր
փնտրած ու այդպես էլ չգտած ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված իշխանության հրաժարականը։
Անհերքելի իրողություն է՝ եկեղեցու
անունից հանդես եկող բարձրաստիճան մի շարք հոգևորականներ տարիներ է, ինչ ստանձնել
են ռադիկալ ընդդիմության քաղաքական ամբիցիաների «հոգևոր սպասավորության»
ֆունկցիան, ավելին՝ դարձել երկրում իշխանափոխություն անելու, այն է՝ ժողովրդի իշխանությունը
տապալելու առաջնորդներն ու շահառուները։ «Սրբազան պայքար» կոչեցյալի
առաջնորդության ստանձնումը, թեմի առաջնորդի բերանով երկրում ռազմական հեղաշրջում
անելու կոչերը ասվածի աղաղակող ապացույցն են։ Ուստի, երբ ասում ենք
Դաշնակցություն, ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյան և կամ «Մեր ձևով»-ի Սամվել Կարապետյան,
միանգամից հասկանում ենք այս քաղաքական սուբյեկտների խոսույթը կրկնող, նրանց
քաղաքական պլաններին աջակցող Գարեգին Բ և «կոնտորա»։ Այս իրողության ֆոնին, հետևապես, ուշագրավ է
Մայր Աթոռի բակում կազմակերպված հավաքի, այսպես ասած՝ «ինքնաաջակցման ակտի»
մասնակիցների թիվը։ Այդ աջակցման ակտը, ինչպես վերը նշվածից պարզ դարձավ, ոչ թե
ուղղված էր եկեղեցուն՝ որպես ազգային ինստիտուտի, այլ կղերաքաղաքական սիմբիոզին՝ Գարեգին
Բ-ին ու նրա քաղաքական «օրթախներին»։ (Բավական տհաճ հնչողությամբ այս բառն իր
հիմքում շուկայական հարաբերություններին առնչվող երանգներ ունի: Օրթախ են,
փաստորեն, իրար հետ գործի մեջ մտած ֆիզիկական, իրավաբանական անձինք, որոնք համատեղ
շահույթ են հետապնդում): «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի իրականացրած հաշվարկի
տվյալներով՝ արդ, Գարեգին Բ-ն (վերոհիշյալ
սիմբիոզը) վայելում է 2 հազարից մի քիչ ավելի քաղաքացու աջակցությունը՝ այդքան
քաղաքացի էին կարողացել մոբիլիզացնել ու Էջմիածին բերել ՀՅԴ-ն՝ ի դեմս Իշխան
Սաղաթելյանի, Լևոն Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու «Մեր ձևով»-ը միասին վերցրած։
Հաճախ է հնչում պնդումը, թե Գարեգին Բ-ի հեռացման պահանջը չի վայելում
հանրության լայն աջակցությունը, լեգիտիմ չէ և զուտ վարչապետի «կապրիզն» է։ Այս
պնդումը, ի դեպ, հերքվում է օրերս «GALLUP
International Association»-ի հրապարակած սոցհարցման
միջոցով։ Հարցման տվյալների համաձայն՝ ՀԱՍ եկեղեցին՝
Կտրիճ Ներսիսյանն էլ ներառյալ, վայելում է հարցվածների 80 տոկոսի վստահությունը։ Նկատենք՝
երբ հարցման տվյալների ներկայացման ժամանակ հիշյալ ընկերության ղեկավարին լրագրողը
հարց հղեց՝ ինչո՞ւ ի թիվս այլ գործիչների
Գարեգին Բ-ի հանրային աջակցության վերաբերյալ հարցումը ներառված չէ
ընդհանուր սոցհարցման տվյալներում, վերջինս արձագանքեց․ «Չեմ կարծում,
թե անջատ պետք է դիտարկել Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցուն։ Ըստ իս՝ եթե
կաթողիկոսի աշխատանքը վատը լինի, ապա այսպիսի գնահատական չի լինի Առաքելական
եկեղեցուն, այստեղ նրան չդիտարկենք որպես մարդ, այլ ինստիտուտի մասնիկ»։
Ինչ է ստացվում՝
Գարեգին Բ-ն, որպես ինստիտուտի մասնիկ, փաստորեն
լավ աշխատող, սոցհարցմանը
մասնակցած 1001 քաղաքացիների 80 տոկոսի աջակցությունն է վայելում, սակայն այդ 80 տոկոսից
գոնե 50 տոկոսին չտեսանք Մայր Աթոոռի բակում՝ ընդդեմ այդպիսի բարձր ռեյտինգ
ունեցող սուբյեկտի հրաժարականը պահանջող «տիրադավների»՝ 10 եպիսկոպոսների։ Արդ, որտե՞ղ
է եկեղեցու մասնիկին սատարող բազմությունը, ումի՞ց է վախենում, կամ ո՞վ է նրան
կաշկանդում գալ, կանգնել իր վեհափառի կողքին՝ հետ մղելով «ընդդեմ եկեղեցու» իշխանական արշավանքը։ Տեղի
ունեցած հավաքի սակավամարդությունը հուշում է, որ ի դեմս Գարեգին Բ-ի՝ ունենք
փոքրամասնության աջակցությունը վայելող, լեգիտիմության ցածր աստիճան ունեցող հոգևորական,
որին «Ամենայն Հայոց կաթողիկոս» տիտղոսով կոչելը այլևս ժամանակավրեպ է։
Հ.Գ. Հարկ է նկատել, որ նախորդիվ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված՝
իշխանության հրաժարականի օրակարգով միտինգներին դրանց կազմակերպիչները
մոբիլիզացնում էին նաև արտերկրի իրենց համակիրներին, մասնավորապես՝ ՌԴ-ում ապրող,
ու կազմակերպում վերջիններիս հոսքը ՀՀ։ Այդպես էր, օրինակ, Դիմադրության շարժման,
ինչպես նաև «սրբազան շարժման» օրերին։ Ի զարմանս մեզ՝ Գարեգին Բ-ի և նրան հավատարիմ,
այսպես ասած՝ «տիրահպատակների» շուրջ ամիսներ ձգվող պրոցեսի ժամանակ ընդդիմությունն
այդպես էլ որևէ աջակցող միտինգ չկազմակերպեց՝ հոգալով նաև դրսում ապրող «գարեգինապաշտ»
հոտի մասնակցությունն այդ ակցիաներին։ Նախօրեին տեղի ունեցած աջակցության ակցիան
էլ, ինչպես երևում է, միանվագ էր, այլապես դրա մասնակիցները ոչ թե մութն ընկնելուն
պես տուն կգնային, այլ կվրանավորվեին եկեղեցու բակում, ինչպես ժամանակին, օրինակ, Ֆրանսիայի
հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում՝ օրըստօրե փորձելով գեներացնել ավելի շատ
մասսաների թույլ չտալու Կտրիճ Ներսիսյանի հանգստի կոչումը՝ գահից հրաժարվելն ու
վեհարանն ազատելը։
Հ. Մ.