«Ոչ մի նորվեգացի չպետք է հայտնվի օկուպացիայի մեջ». Նորվեգիան բնակչության տարհանման պլան է մշակում

Նորվեգիայի իշխանությունները քաղաքացիական բնակչության տարհանման ծրագիր են մշակում, որը պետք է իրականացվի ռուսական հարձակման դեպքում, հայտարարել է Նորվեգիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության (DSB) ղեկավար Էլիզաբեթ Օրսեթերը։ Նրա խոսքով՝ գործակալությունը սերտորեն համագործակցում է զինված ուժերի և ոստիկանության հետ։ Ներկայումս գնահատվում են պոտենցիալ խոցելի տարածքները։ «Դրանց թվում են Ռուսաստանին աշխարհագրորեն մոտ գտնվող տարածքները, ինչպես նաև ռազմական օբյեկտները», - ասել է Օրսեթերը, փոխանցում է VG-ն։


Ռազմական տարհանման պլանավորման վերաբերյալ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել հյուսիսային Ֆինմարկ մարզում: Նման միջոցառումների անհրաժեշտության մասին հայտարարել են նաև Թրոմսյո և Սյոր-Վարանգեր մունիցիպալիտետների իշխանությունները: Պլանների մշակման հարցում Նորվեգիան կողմնորոշվում է Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից սռացած փորձով: Այդ թվում հաշվի է առնվում էներգահամակարգին հարվածելու ագրեսորի բարձր հավանականությունը: «Ելնելով նրանից, որ Ռուսաստանը Ուկրաինայում հարձակվում է նաև քաղաքացիական օբյեկտների վրա, մենք անհրաժեշտ ենք համարում ավելի լայնորեն գնահատել, թե որ թիրախները կարող են հարձակման ենթարկվել Նորվեգիայում», - նշել է Օրսետերը:


Բացի այդ, իշխանությունները մատնանշում են գրավյալ շրջաններում Ռուսաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի արհամարհումը: «Այն դաժանությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է խաղաղ բնակիչների նկատմամբ օկուպացված տարածքներում, չափազանց բարձր է: Մենք չենք կարող թույլ տալ, որ գեթ մեկ նորվեգացի հայտնվի օկուպացիայի գծի մյուս կողմում», - հայտարարել է Բարդուի քաղաքապետ Թորալֆ Հեյմդալը:


DSB-ն (Քաղաքացիական պաշտպանության վարչությունը) նաև պարզում է, թե որ մունիցիպալիտետները կարող են դառնալ վերաբնակեցման գոտիներ՝ գնահատելով նրանց հնարավորությունները առողջապահության, բնակարանային ապահովման և կրթության ոլորտներում: Տարհանման պլանների մշակումն ու թարմացումը 2026 թվականին կլինի իշխանությունների առաջնահերթություններից մեկը։


Սյոր-Վարանգերի քաղաքապետ Մագնուս Մելանդի խոսքով՝ ընդհանուր առմամբ «պատրաստվածության միջոցառումների կարիքն այժմ հսկայական է» և այդ մասին պետք է մտածի ողջ Նորվեգիան, քանի որ «աշխարհում անվտանգային իրավիճակը կտրուկ փոխվել է»: