Գերմանիայի պաշտպանության նախարարը հնարավոր չի համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Die Zeit թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում իրադարձությունների այնպիսի զարգացմանը, որի դեպքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կարող է սկսվել լայնամասշտաբ պատերազմ։


«Ես չեմ հավատում նման սցենարի։ Իմ կարծիքով՝ Պուտինը չի ձգտում լայնամասշտաբ համաշխարհային պատերազմի ՆԱՏՕ-ի դեմ», — ասել է նա։ Այսպես Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի տեսակետը, ով հնարավոր էր համարել նման ռազմական գործողությունները։


Միևնույն ժամանակ, Պիստորիուսն ասել է, թե Ռուսաստանը «ցանկանում է քայքայել ՆԱՏՕ-ն ներսից»։ Նա կարծում է, որ Մոսկվան աշխատում է այն ուղղությամբ, որ Վաշինգտոնը դուրս բերի իր կործանիչները եվրոպական երկրներից։


Դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրավաբանորեն ամրագրել, որ չի պատրաստվում հարձակվել Եվրոպական միության (ԵՄ) կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի տարածքում արդեն իսկ մեկնարկել են վերառազմականացման (ռեմիլիտարիզացիայի) լայնածավալ ծրագրեր, որոնք բացատրվում են իբր ՌԴ-ից բխող սպառնալիքով։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ռյուտեն կոչ էր արել դաշինքի երկրներին անցնել «ռազմական մտածելակերպի», քանի որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի «հաջորդ թիրախն է»։ Նա վերհիշել էր իր նախազգուշացումները, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է պատահել նաև դաշնակից երկրների հետ, և կոչ էր արել եվրոպացիներին պատրաստվել այնպիսի պատերազմի, որը տեսել են իրենց «պապերն ու նախապապերը»։