«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում գործունեություն ծավալող կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկի «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության (C-Quadrat Ampega) գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը, Ֆոնդերի կառավարիչ՝ Ռոբերտ Աղլամազյանին, Համապատասխանության մասնագետ՝ Լուսինե Հովհաննիսյանին և Ռիսկերի կառավարիչ՝ Իգնատ Ֆրանգյանին, ինչպես նաև «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության ներդրումային բանկային դեպարտամենտի տնօրեն՝ Առնո Մոսիկյանին:
Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2025թ. հուլիսի 18-ի ՀՀ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ Ընկերության ժամանակավոր կառավարչի նշանակումը, ինչպես նաև ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ ՀԾԿՀ-ի համապատասխան որոշմամբ ՀԷՑ-ի բաշխման լիցենզիայի դադարեցումը և դրան հաջորդող գործընթացները:
Ի պատասխան հարցադրումների Ռ. Պետրոսյանը ներկայացրել է նաև ընկերության առկա ֆինանսական վիճակը և առաջիկա տարվա ներդրումային ծրագրի հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները:
«Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն՝ Արման Վարդանյանը շեշտել է, որ ողջունում և կարևորում է հուլիսից ՀԷՑ ՓԲԸ-ում պետության կողմից իրականացվող գործընթացները:
Կողմերը քննարկեցին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության և «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակում առկա մի շարք հարցեր՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունը շարունակելու ակտիվ և փոխշահավետ համագործակցությունն ու դրան միտված պարբերական հանդիպումները: