Երևանի քրեական ոստիկանները քաղաքացու մեքենայում և տանը հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 26-ին: Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ, որի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:


Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղած մեթամֆետամինի նմանվող զանգվածը կշռում էր 201 գրամ։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը տղամարդու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և հինգ փաթեթով, ընդհանուր ավելի քան ութ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: