Եվրոպայում սպասում են Թրամփի և Զելենսկու հանդիպման դրական արդյունքներին․ CNN

Եվրոպայում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջիկա հանդիպումը կօգնի մոտեցնել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյաներին։


«Եվրոպացիները դրական հանդիպում են ակնկալում, քանի որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների ներկայիս դինամիկան բնութագրում են որպես արդյունավետ», — նշվում է հրապարակման մեջ։


Աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայում կանխատեսում են, որ ամերիկացի և ուկրաինացի բանակցողների «շաբաթներ տևած ինտենսիվ ջանքերը» կհանգեցնեն դրական արդյունքի։


Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկին զրուցել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների, ինչպես նաև Կանադայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Էստոնիայի առաջնորդների հետ՝ դիրքորոշումները համակարգելու նպատակով։ Միևնույն ժամանակ, եվրոպացի առաջնորդների մասնակցությունը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների առաջիկա հանդիպմանը չի նախատեսվում։


Չնայած դրական սպասումներին՝ եվրոպացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Զելենսկու հերթական այցը ԱՄՆ կարող է ընթանալ ոչ ըստ պլանի՝ ամերիկյան առաջնորդի անկանխատեսելի վարքագծի պատճառով։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ եվրոպացիները կարծում են, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպման ելքն անկանխատեսելի է։


Ավելի վաղ Թրամփն ընդգծել էր, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Զելենսկու ցանկացած խաղաղ առաջարկ նշանակություն չի ունենա առանց Միացյալ Նահանգների հավանության։